Перейти к основному содержанию
Միջազգայնացման շրջանակներում օտարերկրյա ուսումնական հաստատությունների հետ համագործակցության քայլերի իրականացման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 3-4 ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ 5 աշխատակիցներ և ուսանողական խորհրդի 1 ուսանող այցելեցին Վրաստանի Հանրապետության Թբիլիսիի N1 բժշկական քոլեջ:
Այցի նպատակն էր՝
1. կառավարման և վարչարարության դրվածքի ուսումնասիրություն
2. մասնագիտական կրթական ծրագրերի լավագույն վերջնարդյունքի հասնելու համար սահմանված չափանիշների ուսումնասիրություն
3. հետազոտական աշխատանքների կատարողականի գնահատման չափանիշների, զարգացման, մասնագիտական կրթական ծրագրերի կարիքներից բխող ուղղությունների ուսումնասիրություն
4. Թբիլիսիի N1 բժշկական քոլեջում իրականացվող կարճաժամկետ կրթական ծրագրերի ուսումնասիրություն
5. միջազգայնացմանն ուղղված համալիր գործընթացներում համագործակցության տարբեր ձևաչափերի կիրառման ուսումնասիրություն:
Աշխատանքային այցի 1-ին օրվա ընթացքում աշխատակիցները կատարեցին շրջայց, ծանոթացան կրթական ռեսուրսներին, իրականացվեց քննարկում, որի ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց քոլեջների վարչական և կրթական համակարգը, ուսանողական առօրյան, հասարակական պատասխանատվությունը: Օրվա երկրորդ կեսին Թբիլիսիի N1 բժշկական քոլեջի նախաձեռնությամբ անցկացվեց շրջայց Թբիլիսի քաղաքում:
Երկրորդ օրը այցելեցին «Սիմոն Խեչինաշվիլու անվան համալսարանական կլինիկա» և «Ավերսի-ֆարմայի» կենտրոնական գրասենյակ, որոնք հանդիսանում են քոլեջի ուսանողների պրակտիկայի անցկացման վայրեր:
Ուսուցողական էր նաև մեր գործընկերների կողմից նախաձեռնությունը, որի շրջանակներում իրականացվեց այց Վրաստանի բժշկության պատմության թանգարան:
Երկու կողմերի միջև կնքվեց հուշագիր՝ շարունակական համագործակցության նպատակով:
Արարատի պետական բժշկական քոլեջի աշխատակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում Թբիլիսիի N1 բժշկական քոլեջի գործընկերներին ջերմ ընդունելության և փոխադարձ արդյունավետ աշխատանքի համար: